ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԻՐԱՆԱԿԱՆ ՌՈՒՄԲԸ, ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ

ԻՐԱՆԱԿԱՆ ՌՈՒՄԲԸ, ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ
12.11.2010 | 00:00

Մենք վաղուց ընտելացել ենք, որ քաղաքական գործիչներն ամենից հաճախ մի բան ասում են, այլ բան մտածում, իսկ անում են բոլորովին ուրիշ բան։ Սակայն Իրանի նախագահը, ըստ երևույթին, այստեղ էլ կարող է անկանխատեսելիության «ռեկորդ» սահմանել։ Համենայն դեպս, այդպես է առաջին հայացքից։ Այսպես, բառացիորեն մի երկու օր առաջ Թեհրանն առաջարկել է ատոմային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունների հերթական փուլն անցկացնել ոչ թե Վիեննայում, ինչպես առաջարկել է Եվրամիությունը, այլ Թուրքիայում։
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ «կոնսուլտացիաները շարունակվում են ու ընթանում ճիշտ ուղղությամբ», և Իրանն «առաջին իսկ հնարավորության դեպքում» կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա վստահություն է հայտնել, որ «կողմերը մոտ ժամանակներս կհամաձայնեցնեն բանակցությունների ժամանակը, օրակարգն ու բովանդակությունը»։ Թուրքիայի կառավարությունն արագ արձագանքեց պատվիրակությանն ընդունելու հաճելի առաջարկությանը, խոստացավ ըստ ամենայնի օժանդակել բանակցությունների գործընթացին, հայտարարեց, որ դրանց անցկացման վայր կդառնա Ստամբուլը, և արդեն սկսել է ժամկետները համաձայնեցնել վեցյակի` միջնորդ երկրների հետ։ Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Թուրքիան սկսել է Իրանին եռանդագին աջակցել վիճահարույց միջուկային հարցում։ Այսպես, 2010-ի մայիսին այդ երկրների միջև համաձայնագիր ստորագրվեց, որով նախատեսվում է ցածր հարստացված իրանական ուրանը փոխանակել բարձր հարստացված վառելիքի հետ։ Բացի այդ, չնայած Վաշինգտոնի բոլոր սպառնալիքներին ու դժգոհությանը, Թուրքիան քվեարկեց Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դեմ։ Այդ վարքագծի և ռազմավարության տրամաբանությանը միանգամայն հարիր է Անկարայի անթաքույց ուրախությունն այն հնարավորության համար, որ կարող է թեկուզ տարածքային մասնակցություն ունենալ միջուկային ծրագրի շուրջ կայանալիք բանակցությունների նոր փուլին։ Առավել ևս, որ մի հաճելի հնարավորություն էլ է ընձեռվում վերստին աշխարհին ցույց տալու իր նշանակալիությունը։ Եվ թուրքերն աճապարանքով հայտարարեցին. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անելու, ինչի զորու ենք»։ Դեռ ավելին, այդ համապատկերի վրա Թուրքիան սկսել է խոչընդոտներ հարուցել իր տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղաբաշխելու ԱՄՆ-ի ծրագրերի իրականացման ճանապարհին։ Նախ, նա շատ եռանդագին և առանց որևէ այլևայլության սկսել է պնդել, որ ՆԱՏՕ-ի անվտանգության նոր հայեցակարգում, որը քննարկվելու է Լիսաբոնի գագաթնաժողովում, Իրանը չընդգրկվի հնարավոր և հիմնական տարածաշրջանային սպառնալիքների ցուցակի մեջ։ Իսկ որոշակիորեն ՀՀՊ-ի ստեղծվող համակարգի առնչությամբ թուրքական իշխանություններն այժմ հանդես են գալիս հակաօդային պաշտպանության ոչ թե ամերիկյան, այլ ՆԱՏՕ-ական համակարգի ստեղծման օգտին։ Բացի այդ, նրանց կարծիքով, այն պետք է միտված լինի Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրների անվտանգության ապահովմանը և չպետք է Թուրքիան վերածի ճակատային երկրի, ինչպես «սառը պատերազմի» տարիներին էր։ Բացի այդ, Անկարայում հայտարարում են, որ հակահրթիռային «հովանոցը» պետք է ծածկի իրենց հանրապետության ողջ տարածքը, իսկ այդ համակարգի գործունեության համար հայթայթվող հետախուզական տվյալները կարող են օգտագործել միայն ՆԱՏՕ-ի անդամները։ Այսինքն, համակարգն այդ դեպքում չի օգտագործվի Իսրայելի կողմից։ Կարևոր է և այն, որ թուրքերը համառորեն հրաժարվում են իրենց մոտ արձակման տարրեր տեղակայելուց և պայման են դնում, որ ՀՀՊ համակարգի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերում չնշվեն որոշակի երկրներ, այն է` Ռուսաստանը, Իրանը և Սիրիան, որոնց հետ վերջին տարիներին Թուրքիան եռանդագին համագործակցում է։
Եվ մինչ Արևմուտքը խորհում էր` ինչպես արձագանքել Թեհրանի և Անկարայի այդ առաջարկություններին, որոնք, շատերի կարծիքով, լուրջ մարտահրավերներ են հիշեցնում և բնավ չեն տեղավորվում արևմտյան ծրագրերի մեջ, անդուլ Ահմադինեժադը հերթական անգամ ապշեցրեց ոչ միայն իր «չուզողներին», այլև բարեկամներին։ Ելույթ ունենալով Ղազվինում, նա հայտարարեց, որ Իրանն իր միջուկային ծրագիրը չի քննարկի առաջատար համաշխարհային տերությունների հետ, և որ միջուկային մշակումներ իրականացնելու երկրի իրավունքը «քննարկման ենթակա չէ»։ Ի դեպ, նա նույն պահին էլ սիրալիր ավելացրել է. «Բայց Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարելու մյուս կարևորագույն տարածաշրջանային և համաշխարհային հիմնախնդիրների շուրջ»։ Ահա այսպիսի քաղաքական լարախաղացությանը հետևելու, առավել ևս, դրանից գլուխ հանելու խնդիր է ծառացած շատերի առջև։
Այդ առնչությամբ ուշադրություն դարձնենք հույժ հատկանշական ևս մի հանգամանքի։ Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ մի շարք երկրներ բանակցություններ են վարում Մերձավոր Արևելքում ընդհանուր շուկայի և տարածաշրջանային համաձայնագրի շուրջ։ Արդեն ազատ առևտրի մասին մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի ու Իրանի մասնակցությամբ։ Ընդ որում, թուրքական կառավարությունը, պարզվում է, մտադիր չէ բավարարվել ձեռք բերածով, նա նաև ճնշում է գործադրում Լիբիայի վրա` նպատակ ունենալով հարկադրել նրան համանման համաձայնագիր ստորագրելու Անկարայի հետ։ Փորձագետների կարծիքով, այդ ամենը, այսպես կոչված, «Իրան-Սիրիա-Թուրքիա» առանցքի զարգացման վկայությունն է, որի վրա շատ եռանդագին են աշխատում Անկարայում։ Այդ առանցքը, նրանց կարծիքով, կարող է Թուրքիային նպաստել դառնալու գլխավոր գերիշխող երկիրը ոչ միայն տարածաշրջանում, այլև առավել համապարփակ մասշտաբով։ Նկատենք, որ Թուրքիան վաղուց է փորձում «հաշտարար դատավորի» կեցվածք ընդունել տարածաշրջանային մի շարք վեճերում, ինչպես, օրինակ, Իրանի, մերձավորարևելյան կարգավորման և այլ հիմնախնդիրների առնչությամբ։ Եվ արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ կերպ նա փորձում է կանգնել առաջատար համաշխարհային տերությունների շարքում, որոնք ազդեցություն ունեն նաև տարածաշրջանում և որոնք հավասար հիմունքներով համագործակցում են Եվրամիության, ԱՄՆ-ի հետ։ Ընդ որում, և՛ իրենց հոգեկերտվածքով, և՛ պատմական փորձով թուրքերն ամեն հնարավոր և անհնարին բան անում են, որ իրենց համար առավել ձեռնտու կերպով «բռնեն իսլամական ձկնիկը» և «ոտքերն էլ չթրջեն» արևմտյան դժգոհության ցեխալճում։ Նրանք արդեն չեն էլ թաքցնում, որ իրենց գլխավոր նպատակն է դառնալ մի երկիր, որը հավասարապես հարգված լինի և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, ինչպես ասվում է, միակ ուղեգիծը, որով կարող են շփումներ իրականացվել այդ երկու քաղաքակրթությունների միջև։ Եթե նկատի առնենք տնտեսությունը, ապա Թուրքիան, օրինակ, վաղուց է փորձում դառնալ էական էներգետիկ հանգույց, որով կընթանան հիմնական էներգետիկ ուղղությունները դեպի Արևմուտք` համապատասխանաբար ամրապնդվելով որպես ողջ մայրցամաքի հիմնական տերություն։
Եվ միանգամայն հասկանալի է, որ իր այդ հավակնությունների և շահերի իրականացման առավելագույն արդյունավետության համար Անկարան պետք է խուսանավի, նրբորեն կառուցի իր անչափ բազմակողմանի արտաքին քաղաքականությունը։ Իսկ Անկարայի «նոր բարեկամի»` Թեհրանի անկանխատեսելի և հակասական ձեռնարկումներն այդ սխեմայի մեջ, ինքնըստինքյան հասկանալի է, շատ բարդ են ներառվում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Ստամբուլում առայսօր միջուկային ծրագրի շուրջ ընթացող անորոշ բանակցություններին, այլև Իրանի և Ծոցի արաբական երկրների միջև լարվածության աճին։
Այսպես, վերջերս ամբողջ արաբական աշխարհը «պայթեցրեց» «Ալ Ախբար» լիբանանյան լրագիրը, որը սենսացիոն հաղորդում էր հրապարակել։ Նրա տվյալներով, «Հըզբոլլահ» կազմակերպությունը Լիբանանում իշխանությունը զավթելու ծրագիր է մշակել։ Թերթի տեղեկությունների համաձայն, շիա գրոհայինները մտադիր են հեղաշրջում իրականացնել Լիբանանի վերաբերյալ հատուկ տրիբունալի եզրակացությունների հրապարակումից հետո, որը հետաքննում է նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը։ Թերթի տվյալներով, «Հըզբոլլահը» «X ժամին» երկրի հանգուցային կետերը գրավելու ինչպես շտաբային, այնպես էլ դաշտային զորավարժություններ է անցկացրել։ Ըստ մշակված պլանի, զեկուցագրի հրապարակումից մի քանի ժամ առաջ «Հըզբոլլահը» փողոցներում կտեղաբաշխի բազմաթիվ գրոհայինների, որոնք վերահսկելու են գլխավոր բնակավայրերը, ծովային և օդային նավահանգիստները և այլն։ Դրանից բացի, պլանով նախատեսվում է ձերբակալել Լիբանանի զինվորական ու քաղաքական ղեկավարներին։ Գլխավոր կետերից մեկը համարվում է սուննիների և քրիստոնյաների բնակության վայրերի շրջափակումը։ ՈՒ թեև վարչապետ Սաադ Հարիրին վստահություն է հայտնել, որ «արդարադատության հաղթանակը չի հանգեցնի երկպառակության» և «ինքը թույլ չի տա, որ հոր արյունը պառակտում առաջացնի», հասկանալի է, որ խոսքը հերթական լրագրային մեկօրյա սենսացիայի մասին չէ։ Ավելին, Լոնդոնում լույս տեսնող «Աշ Շարկ ալ-Աուսաթ» արաբերեն թերթը հաղորդել է, որ լիբանանյան աղբյուրները հաստատել են «Հըզբոլլահի» հեղաշրջման պլանի գոյությունը, որին մասնակցելու են նաև «Համալը» և Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցությունը։ Ընդսմին շատ փորձագետներ խորհուրդ են տալիս չմոռանալ, որ արտաքին քաղաքական դիմակայության հետևում Լիբանանում միանգամայն պարզորոշ ուրվագծվում է «Հըզբոլլահին» աջակցող Իրանի և Պարսից ծոցի արաբական նավթային միապետությունների միջև ուժեղացող դիմակայությունը, քանզի վերջիններս աջակցում են Լիբանանի իշխանություններին։ Բանը, իհարկե, միայն այն չէ, որ Հարիրիի ընտանիքի բիզնես շահերը վաղուց կապված են Սաուդյան Արաբիայի հետ։ Շատ ավելի կարևոր է այն, որ Իրանի աճող ռազմական հզորությունը վաղուց արդեն լուրջ երկյուղներ է հարուցում Ծոցի երկրներում, և որ Թեհրանն արդեն սկսել է միտվել դեպի նավթային միապետությունները` որպես միջոց օգտագործելով աջակցությունը Ծոցի երկրների շիա ապստամբներին։ Իրանական վարչակարգի ներթափանցման պատճառով Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի էմիրությունները ճարակած խուճապը ցիկլոնի մասշտաբներ է ընդունում, գրում է Le Point թերթը։ Ընդ որում, թերթի կարծիքով, տարածաշրջանի «սուննիական էմիրությունների ղեկավարները քաջ հասկանում են, որ Իրանն անձեռնմխելի կդառնա սեփական միջուկային զինանոց ստեղծելուց հետո»։ Համապատասխանաբար, որպեսզի դիմակայեն այդ սպառնալիքին, Պարսից ծոցի հարուստ էմիրությունները որոշել են շտապ կարգով իրենց բանակներն ապահովել իրանական զինված ուժերի վրա զսպող ներգործություն ունենալու ընդունակ միջոցներով։ Հենց այդ նպատակով է վերջերս ստորագրվել Սաուդյան Արաբիայի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների վաճառքի մասին «դարի պայմանագիրը»։ Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ սովորականի պես Իսրայելը չի առարկել այդ հսկայական պայմանագրի ստորագրման դեմ։ Ամենից ավելի հավանական է, որ ընդհանուր շիա թշնամու դեմ-հանդիման արաբներն ու իսրայելացիներն արագորեն կողմնորոշվեցին և մտան, մի տեսակ, գաղտնի ռազմադիվանագիտական համագործակցության մեջ։ Այսինքն` Իրանը, նրա հնարավոր ռումբը և ինքը` Ահմադինեժադը, Ծոցի երկրների համար շատ ավելի վտանգավոր և իրական թշնամի են դարձել, քան Իսրայելը։
Այդ ամբողջ վերահաս անորոշության պայմաններում իրեն ինչպե՞ս կպահի Անկարան։ Ինչպե՞ս կարձագանքեն Ծոցի երկրները, նախ և առաջ, սաուդցիները, Անկարայի «միջուկային սիրախաղերին»։ Ընդհանրապես թուրք դավանակիցների նկատմամբ իրենց ինչպե՞ս կպահեն սուննի արաբները ամրապնդվող միջմուսուլմանական խնդրահարույց վեճերի համապատկերի վրա։ Անկարան Դամասկոսի և Թեհրանի հետ կապերն արդյոք կգերադասի՞ իր մյուս բոլոր պլաններից ու պայմանագրերից։ Այս բոլոր հարցերին առայժմ ոչ ոք միարժեք պատասխան չունի։ Առայժմ պարզ է միայն, որ ամբողջ տարածաշրջանը ներքաշվել է բարդ, բազմաքայլ և քիչ կանխատեսելի խաղի մեջ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ